Բիթքոինը (կամ Բիթքոյնը) թվային արժույթ է, որը կարող է գործել միայն ինտերնետում։ Այն չի վերահսկվում պետական կամ բանկային կառույցների կողմից և ստեղծվում (էմիտացվում) է հատուկ ծրագրային ապահովմամբ աշխատող համակարգիչների միջոցով։ Բիթքոինով ֆինանսական գործարքները կատարվում են հավասարը հավասարի (peer-to-peer, P2P) վճարային համակարգի շրջանակում, որը նույնպես կոչվում է Bitcoin։
Մի փոքր պատմություն
Բիթքոինի հեղինակը Սատոշի Նակամոտոն է։ Հենց նա 2008 թվականին առաջարկեց օգտագործել էլեկտրոնային վճարային համակարգ, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է մաթեմատիկական հաշվարկների վրա։ Bitcoin համակարգը նախատեսում էր թվային մետաղադրամների փոխանակում՝ առանց կենտրոնացված վերահսկողության, ինչը հնարավորություն կտար ամբողջ աշխարհում իրականացնել ֆինանսական գործարքներ բարձր արագությամբ և նվազագույն ծախսերով։ Այս վճարային համակարգի հիմնական հաշվարկային միավորը (թվային մետաղադրամը) դարձավ բիթքոինը։ Դրա ամենափոքր անբաժանելի միավորը կոչվեց «սատոշի»՝ ի պատիվ այս կրիպտոարժույթի հիմնադրի։ Մեկ սատոշին կազմում է բիթքոինի 0.00000001 մասը։
Բիթքոինը և բլոկչեյն տեխնոլոգիան
Բիթքոինով կատարվող գործարքները կարգավորվում են հատուկ թվային տեխնոլոգիայի միջոցով, որը կոչվում է «բլոկչեյն»։ Բլոկչեյնը նախատեսում է բլոկների անընդհատ շղթայի ստեղծում, որը պարունակում է կատարված բոլոր գործարքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Այս տեղեկատվությունը ոչնչացնել կամ դրա որևէ մասը ջնջել հնարավոր չէ։ Հնարավոր է միայն նոր տվյալներ ավելացնել արդեն գոյություն ունեցող տվյալների բազային։
Բոլոր տվյալները պարունակող բլոկների տեղեկատվական շղթան պահպանվում է բազմաթիվ անկախ համակարգիչներում։ Եթե առանձին սարքեր խափանվեն, տվյալները պահպանվում են մյուս օգտատերերի մոտ, ուստի դրանք չեն կարող անվերադարձ կորչել։ Այսպիսով, բլոկչեյն տեխնոլոգիան ապահովում է բիթքոին կրիպտոարժույթով իրականացված ֆինանսական գործարքների լիարժեք թափանցիկությունն ու հաշվառումը։
Բիթքոինի հատկություններն ու հնարավորությունները
Բիթքոինը մաթեմատիկական արժեք է, և այս կրիպտոարժույթը ապահովված չէ ոսկով կամ արծաթով։ Բիթքոինն ունի սահմանափակ էմիսիա։ Այս թվային մետաղադրամների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 21 000 000-ը։ Հաշվարկների համաձայն՝ այս սահմանաչափը կհասնի 2045 թվականին, որից հետո բիթքոինների թողարկումը կավարտվի։
Սովորական արժույթի նման, բիթքոինը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով․
- Վճարման միջոց (ապրանքների կամ ծառայությունների գնում և վաճառք),
- Ներդրումային միջոց,
- Առևտուր բորսայում։
Պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ երկրներում բիթքոինի իրավական կարգավիճակը մինչ օրս լիովին կարգավորված չէ։ Այս հանգամանքը որոշակի սահմանափակումներ է դնում այս արժույթի օգտագործման և դրա մասնակցությամբ ֆինանսական գործարքների իրականացման վրա։
Կրիպտոդրամապանակ բիթքոինի համար
Բիթքոին ստանալու, պահելու և ուղարկելու համար օգտատիրոջը անհրաժեշտ է կրիպտոդրամապանակ։ Կրիպտոդրամապանակը հատուկ ծրագիր է, որը հնարավորություն է տալիս կատարել գործարքներ թվային արժույթով։ Կրիպտոդրամապանակի երկու հիմնական բաղադրիչներն են հանրային (public) և մասնավոր (private) բանալիները, որոնցից յուրաքանչյուրը տառերի և թվերի եզակի համակցություն է։
Հանրային բանալին տեսանելի է բոլորին և կարող է օգտագործվել տվյալ դրամապանակին դրամական փոխանցում կատարելու համար։ Մասնավոր բանալին ապահովում է դրամապանակում պահվող կրիպտոարժույթի հասանելիությունը։ Այն պետք է հայտնի լինի միայն դրա սեփականատիրոջը։
Մասնավոր բանալու կորուստը ընդմիշտ զրկում է կրիպտոարժույթի սեփականատիրոջը իր միջոցներին հասանելիություն ունենալու հնարավորությունից։ Այս համակարգում գաղտնաբառը վերականգնելու ծրագիր գոյություն չունի։
Բիթքոինի առավելությունները
Բիթքոինը շատ արագ ձեռք բերեց լայն տարածում՝ իր բազմաթիվ առավելությունների շնորհիվ, որոնցից են․
- Ապակենտրոնացում՝ այլ կառույցների վերահսկողության բացակայություն, մարդկային գործոնի չեզոքացում,
- Օգտատիրոջ լիարժեք վերահսկողությունը սեփական միջոցների նկատմամբ,
- Օգտատիրոջ տվյալների հուսալի պաշտպանություն՝ հանրային և մասնավոր բանալիներ, փորձարկված կրիպտոգրաֆիա,
- Անանունություն՝ դրամապանակի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու անհնարինություն,
- Թափանցիկություն՝ բոլոր գործարքների ամբողջական հաշվառում և գործարքների պատմության պահպանում,
- Իսկության ստուգման պարզ ընթացակարգ,
- Փոխանցումների համար նվազագույն կամ զրոյական միջնորդավճար՝ անկախ հեռավորությունից,
- Փոխանցումների բարձր արագություն (ընդամենը մի քանի րոպե),
- Օրվա ցանկացած ժամի փոխանցումներ իրականացնելու հնարավորություն,
- Արժույթի հեշտ բաժանելիություն ավելի փոքր միավորների,
- Կապիտալի պահպանման հարմար միջոց (սովորական ոսկու համեմատ)։
Bitcoin համակարգն ամբողջությամբ ազատում է ֆինանսական գրաքննությունից և դրամական միջոցների սեփականատիրոջը տալիս է իր կապիտալը ազատ տնօրինելու իրավունք։ Ոչ ոք չի կարող միջամտել կրիպտոարժույթով իրականացվող գործարքին կամ չեղարկել կատարված փոխանցումը։
Bitcoin համակարգի սկզբնական կոդը բաց է բոլոր ցանկացողների համար։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ ցանցի մաս, կարող է ուսումնասիրել ծրագրային կոդը, հայտնաբերել դրա թերությունները և առաջարկել բարելավված կամ փոփոխված տարբերակ։
Բիթքոինի թերությունները
Բիթքոինի՝ որպես արժույթի օգտագործումն ունի որոշ առանձնահատկություններ, որոնք կարելի է դիտարկել որպես դրա թերություններ․
- Գործարքների չեղարկման անհնարինություն. օրինակ, եթե միջոցները սխալ հասցեով են ուղարկվել, գործարքը հնարավոր չէ չեղարկել, և գումարը կարող է վերադարձնել միայն ստացողը՝ իր ցանկության դեպքում,
- Տատանողականություն (վոլատիլություն). բիթքոինի արժեքը հաստատուն չէ և կարող է զգալիորեն փոփոխվել,
- Բարձր միջնորդավճար կանխիկացման ժամանակ. Bitcoin համակարգի ներսում փոխանցումները կատարվում են նվազագույն միջնորդավճարով, սակայն միջոցները կանխիկացնելու դեպքում ներդրողը հաճախ ստիպված է վճարել բարձր միջնորդավճարներ,
- Հստակ իրավական կարգավիճակի բացակայություն. ցանկացած պահի պետության օրենսդիր մարմինները կարող են արգելել բիթքոինի օգտագործումը որպես վճարման միջոց,
- Հանցավոր սխեմաներում օգտագործվելու հավանականություն. որպես չվերահսկվող թվային արժույթ՝ բիթքոինը կարող է օգտագործվել ստվերային գործարքների վճարման համար,
- Կենտրոնացված վերահսկողության բացակայություն. լինելով ապակենտրոնացված վճարային համակարգ՝ Bitcoin-ը չի կարող պաշտպանել օգտատիրոջը սեփական սխալներից։ Օրինակ, եթե ներդրողը մոռանա իր կրիպտոդրամապանակի գաղտնաբառը կամ մասնավոր բանալին, այնտեղ պահվող միջոցները կկորչեն ընդմիշտ, քանի որ համակարգը չի նախատեսում հատուկ տեխնիկական աջակցություն։
Բիթքոինի հեռանկարները
Փորձագետները տարբեր կերպ են գնահատում բիթքոինի առաջիկա տարիների հեռանկարները, սակայն նշում են, որ այս արժույթով հետաքրքրված ներդրողների շրջանակը շարունակաբար աճում է։ Ենթադրվում է, որ երկարաժամկետ հեռանկարում բիթքոինը կփոխարինի ոսկուն և լայնորեն կօգտագործվի որպես պաշտպանիչ ակտիվ։Գործնականում երևում է, որ խոշոր ներդրողները ձեռք են բերում այս կրիպտոարժույթը ռազմավարական նպատակներով։ Այս հանգամանքը բիթքոինը ներդրումային տեսանկյունից բարձրացնում է նոր մակարդակի և կնպաստի դրա բարձր շուկայական արժեքի պահպանմանը։