Խաբե՞լ են ձեզ կրիպտոարժույթի հետ կապված։ Ի՞նչ անել և ո՞ւր դիմել։

Ներդրումային նախագծեր

Կրիպտոարժույթների ոլորտում խարդախության ամենատարածված ձևերից մեկը ներդրումային նախագծերն ու ֆինանսական բուրգերն են։ Նման նախագծերում մարդիկ ամենից հաճախ հայտնվում են սոցիալական ցանցերում տարածվող գովազդների միջոցով, որտեղ խոստացվում է ներդրված միջոցներից բարձր և արագ եկամուտ։ Մարդիկ լրացնում են իրենց անձնական տվյալները՝ նախագծին միանալու համար (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ), որից հետո նրանց հետ կապ են հաստատում սոցիալական ինժեներիայի «գայլերը» և շատ արագ համոզում նախագծի հուսալիության մեջ։ Մարդիկ ներդնում են իրական գումար կամ օրիգինալ կրիպտոարժույթ, իսկ որպես վճարում իրենց հաշիվներին փոխանցվում են կեղծ մետաղադրամներ։

Դրեյներ

Եթե առաջին դեպքում խարդախները հիմնականում թիրախավորում են սկսնակներին, ապա դրեյների դեպքում նման խարդախության զոհ կարող է դառնալ նույնիսկ փորձառու օգտատերը։

Դրեյները (drainer, «դատարկող») սկրիպտ է, որը ավտոմատ կերպով ձեր դրամապանակից միջոցները փոխանցում է խարդախի հաշվին։ Այլ կերպ ասած, դա ծրագրային ապահովում է, որը ստեղծվել է զոհերի դրամապանակները դատարկելու համար։ Այսպիսի սկրիպտները կարող են ներդրված լինել վնասակար կայքերում, ֆիշինգային հաղորդագրություններում կամ քողարկված լինել որպես օրինական ծրագրային ապահովում։ Բացի այդ, դուք կարող եք վարակվել դրանով՝ մասնակցելով կասկածելի նախագծերի, որոնք խոստանում են խոշոր airdrop-ներ։

Հնարավո՞ր է վերադարձնել միջոցները, և ո՞ւր դիմել։

Մեր փոխանակման ծառայություն ամեն շաբաթ դիմում են մարդիկ, որոնք դարձել են խարդախության զոհ։ Կան մարդիկ, ովքեր կորցրել են 1,000 դոլար, իսկ վերջերս մեզ դիմել էր մի անձ, ումից գողացվել էր ավելի քան 200,000 դոլար։ Եվ բոլորը տալիս են նույն հարցը. «Ինչպե՞ս վերադարձնել գումարը»։ Պատասխանը մեկն է՝ դա գործնականում անհնար է, սակայն մենք, այնուամենայնիվ, կփորձենք մի քանի խորհուրդ տալ։

Գողությունից հետո առաջին 24 ժամը չափազանց կարևոր է։ Այդ ընթացքում փորձեք հետևել տոկենների շարժին բլոկչեյնի միջոցով։

Միաժամանակ հավաքեք գողության բոլոր ապացույցները, ներառյալ խարդախի հետ ունեցած նամակագրության սքրինշոթները, օգտագործված սմարթ-կոնտրակտների հասցեները և ձեր դրամապանակից միջոցների դուրսբերման հաստատումը։ Կարևոր է նաև պահպանել խարդախի իրականացրած յուրաքանչյուր տրանսակցիայի հեշը, ինչպես նաև գրանցել այդ տրանսակցիաներում օգտագործված տոկենների հեշերը։

Ուսումնասիրելով տոկենների շարժը բլոկչեյնում՝ ուշադրություն դարձրեք, թե արդյոք դրանք անցել են փոխանակման ծառայությունների (կենտրոնացված բորսաների) կամ հաճախորդների աջակցություն ունեցող հարթակների միջոցով։ Եթե այո, անմիջապես կապ հաստատեք դրանց հետ, ներկայացրեք գողության ապացույցները և խնդրեք նշել այդ տոկենները որպես կասկածելի։

Եթե միջոցները դուրս են բերվել USDT-ով, կարող եք փորձել դրանք ժամանակին սառեցնել խարդախի դրամապանակում՝ դիմելով Tether-ին՝ համապատասխան հղման միջոցով։ Սակայն այս հարցի լուծումը կարող է տևել ավելի քան մեկ ամիս։ Իսկ մինչ աջակցման ծառայությունը որևէ քայլ կձեռնարկի, խարդախը, ամենայն հավանականությամբ, կհասցնի մի քանի անգամ տեղափոխել միջոցները այլ դրամապանակներ։ Հենց այդ պատճառով էլ նշում ենք, որ միջոցների վերադարձը գործնականում գրեթե անհնար է։

Այս ոլորտում գործում են պրոֆեսիոնալ խարդախներ, որոնք լավ գիտեն, թե ինչպես թաքցնել իրենց հետքերը։ Գողությունից հետո միջոցները սովորաբար փոխանցվում են ապակենտրոնացված բորսաների (Uniswap, 1inch, ApeX Pro և այլն) միջոցով կամ «լվացվում» են կրիպտո միքսերներիօգնությամբ։ Նման «գործողություններից» հետո դրանց հետքը գրեթե անհնար է գտնել։ Նույնիսկ եթե ձեզ հետ կապ են հաստատել Viber-ով, WhatsApp-ով, զանգահարել են հեռախոսով կամ տեսազանգով, այդ տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, ձեզ չի օգնի։ Նման անձինք սովորաբար օգտագործում են ինտերնետով գնված կամ այլ անձանց անունով գրանցված հեռախոսահամարներ։

Ոչ մի դեպքում մի դիմեք «իրավաբանների», «բրոքերների» կամ «միջազգային միջոցների վերադարձի գործակալների»։ Դրանք, որպես կանոն, նույն խարդախ խմբի անդամներն են։

Արժե՞ դիմել ոստիկանություն։

Կարող եք փորձել, եթե ունեք գոնե մեկ իրական հետք․ օրինակ՝ անձամբ հանդիպել եք խարդախին, ունեք ընդհանուր ծանոթ, կամ գումարը փոխանցել եք նրա անձնական բանկային հաշվին։ Սակայն նույնիսկ այդ դեպքում գումարը վերադարձնելու հավանականությունը մեկն է միլիոնից։

Եթե դուք ունեցել եք միջոցների հաջող վերադարձի փորձ, գրեք դրա մասին մեկնաբանություններում 👇🏻։

Պահպանե՛ք ձեր միջոցները։