P2P-ն Binance էկոհամակարգում գործող peer-to-peer (P2P) առևտրի հարթակ է, կամ ավելի պարզ ասած՝ հայտարարությունների հրապարակման հարթակ (ինչպես list.am-ը), որտեղ առևտրի առարկան դրամն ու կրիպտոարժույթն են։ Հարթակը գործում է բորսայի ներսում, ուստի այնտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցվել Binance-ում, անցնել վերիֆիկացիա, որից հետո ձեզ հասանելի կլինի բորսայի այս բաժինը։ P2P հարթակում հայկական փաստաթղթերով վերիֆիկացիա անցած ցանկացած անձ կարող է դրամով գնել կրիպտոարժույթ և կրիպտոարժույթը փոխանցել իր հայկական հաշվին կամ քարտին։ Կայքը թույլ է տալիս օգտատերերին ինչպես ինքնուրույն ստեղծել հայտարարություններ, որտեղ նրանք կարող են սահմանել վճարման եղանակն ու փոխանակման փոխարժեքը, այնպես էլ օգտվել այլ օգտատերերի հրապարակած հայտարարություններից։ Այսինքն՝ հարթակը հնարավորություն է տալիս առևտուր անել անմիջապես այլ օգտատերերի հետ։ Միևնույն ժամանակ Binance-ը հանդես է գալիս միայն որպես երաշխավոր և միջնորդ։
Ո՞րն է բորսայի երաշխիքը։ – Յուրաքանչյուր գործարքի ժամանակ բորսան առաջարկում է էսքրոու (պայմանական դեպոնացման) պաշտպանություն՝ գործարքի անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ փոխանակման ընթացքում բորսան սառեցնում և պահում է կրիպտոարժույթը կողմերից մեկի հաշվին այնքան ժամանակ, մինչև երկու կողմերն էլ հաստատեն, որ գործարքը հաջողությամբ ավարտվել է։
Ինչպե՞ս է ընթանում գործընթացը։
Ամբողջ գործընթացը բաղկացած է 2 փուլից։ Եկեք մանրամասն դիտարկենք յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունները։
1️⃣ Վաճառողի ընտրություն
Դուք գտնում եք այն անձի հայտարարությունը, ով պատրաստ է վաճառել իր կրիպտոարժույթը և ձեզանից ընդունել դրամներ իր քարտին կամ հաշվեհամարին։ Հայտարարություններում անմիջապես նշված են այն բանկերը, որոնցից վաճառողները ընդունում են վճարումներ։ Ընտրեք այն վաճառողին, որն աշխատում է ձեր բանկի հետ։ Այնուհետև սեղմեք 👉 Գնել։

Մուտքագրում եք գումարը դրամով, և համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիս, թե որքան կրիպտոարժույթ կստանաք։

Ուշադրություն դարձրեք վաճառողի նշած Պայմաններին։ Յուրաքանչյուր վաճառողի պայմանները տարբեր են։ Դրանք այն պահանջներն են, որոնց կատարման դեպքում նա կընդունի ձեր վճարումը։ Եթե դուք չպահպանեք այդ պայմանները, նա կարող է ճանաչել գործարքը անվավեր և չուղարկել ձեզ կրիպտոարժույթը։ Այդ դեպքում բորսան կլինի վաճառողի, այլ ոչ թե ձեր կողմը։ Ուստի այստեղ եղեք շատ ուշադիր։

Ուշադրություն դարձրեք նաև գործարքների քանակին, ինչպես նաև կարդացեք վաճառողի մասին կարծիքները՝ թե՛ դրական, թե՛ բացասական։

2️⃣ Հայտի ձևակերպում, վճարում
Եթե ամեն ինչ ձեզ հարմար է, սեղմում եք 👉 Գնել USDT։ Այս փուլում բորսան սառեցնում է վաճառողի USDT-ները, և նա այլևս չի կարող դրանք օգտագործել․ դրանք կմնան ամրագրված ձեր գործարքի համար։
Այնուհետև անհրաժեշտ է վաճառողից ստանալ վճարման տվյալները։ Դրա համար պետք է նրան անձնական հաղորդագրություն ուղարկել և նշել, թե որ բանկից եք պատրաստվում փոխանցել դրամական միջոցները։

Վճարման տվյալները ստանալուց հետո մուտք գործեք ձեր օնլայն բանկինգ և կատարեք վճարումը։ Այնուհետև վերադարձեք Binance և սեղմեք 👉 Վճարել։

Վճարումը կատարելու համար ձեզ տրվում է 15 րոպե։ Այս ընթացքում դուք պետք է հասցնեք փոխանցել դրամները և սեղմել Վճարել կոճակը։ Այդ ժամանակահատվածի ավարտից հետո օրդերը ավտոմատ կերպով կչեղարկվի, վաճառողի USDT-ները սառեցումից դուրս կգան, և բորսան այլևս չի կարողանա երաշխավորել, որ դուք կստանաք կրիպտոարժույթը։ Այդ դեպքում կմնա միայն հույս դնել վաճառողի բարեխղճության վրա։
Եթե ժամանակը լրացել է, ոչ մի դեպքում գումար մի՛ փոխանցեք հին վճարային տվյալներով։ Ձևակերպեք նոր հայտ և կրկին հարցրեք տվյալները՝ արդեն նոր հաղորդագրության միջոցով։ Եթե դա չանեք, վաճառողը կկարողանա վիճարկել գործարքը։ Նա հեշտությամբ կապացուցի բորսային, որ ձեզ չի տրամադրել այդ վճարային տվյալները, և կհաղթի վեճում։ Արդյունքում դուք կկորցնեք դրամները և դրա դիմաց ոչինչ չեք ստանա։

⚠️ Ցանկանում ենք ձեզ նախազգուշացնել․ որոշ վաճառողներ դիտավորյալ ձգձգում են ժամանակը և վճարման տվյալները տրամադրում են վերջին րոպեներին՝ հույս ունենալով, որ դուք թույլ կտաք այս սխալը, իսկ իրենք կօգտվեն դրանից։
Եթե ամեն ինչ ճիշտ եք կատարել, ապա հենց որ վաճառողը ստուգի մուտքը և հաստատի, որ ստացել է ձեր գումարը, նրա USDT-ներն ավտոմատ կերպով կփոխանցվեն ձեր հաշվեկշռին։
✔️ Շնորհավորում ենք, դուք հաջողությամբ ձեռք բերեցիք USDT։
Այսպիսով, ամփոփենք․
- • Բացեք գործարքներ միայն լավ հեղինակություն ունեցող վաճառողների հետ։
- • Ուշադիր կարդացեք վաճառողի պայմանները։ Դրանց չպահպանումը կարող է հիմք հանդիսանալ գործարքը վիճարկելու համար։ Դուք կարող եք պարտվել վեճում, նույնիսկ եթե կատարել եք վճարումը։
- • Մի՛ փոխանցեք գումար 15 րոպեի ավարտից հետո։ Ձևակերպեք նոր գործարք։
- • Նոր գործարք ձևակերպելիս կրկին հարցրեք վճարման տվյալները։
Հետևեք այս կանոններին, և USDT-ի գնումը կանցնի առանց խնդիրների։
Իսկ եթե ցանկանում եք կրիպտոարժույթ գնել կանխիկ գումարով, միշտ կարող եք դիմել մեզ, և մենք սիրով կօգնենք ձեզ։