Այսպիսով, դիտարկենք Binance P2P-ում կիրառվող խարդախության սխեմաները՝ ամենապարզից մինչև ամենաբարդը։
1. Կեղծ վճարման կտրոններ
⛔️ 1. Դուք կրիպտոարժույթի սեփականատեր եք, տեղադրում եք վաճառքի հայտարարություն և ցանկանում եք գումարը ստանալ ձեր հայկական բանկային քարտին կամ հաշվին։ Ձեր հայտարարությանը արձագանքում է օգտատեր (խարդախ), որը համաձայնվում է գնել ձեր կրիպտոարժույթը։ Որոշ ժամանակ անց նա նշում է, որ գումարն ուղարկել է, և նույնիսկ որպես վճարման ապացույց ներկայացնում է բանկային կտրոն։ Ձեզ կարող է նույնիսկ «բանկից» SMS հաղորդագրություն գալ, որ գումարը մուտքագրվել է ձեր քարտին կամ հաշվին։ Դուք, չստուգելով մնացորդը, հաստատում եք, որ ստացել եք գումարը, և ձեր կրիպտոարժույթը դուրս է գրվում ձեր հաշվից։
Սակայն երբ փորձեք օգտագործել կամ դուրս բերել այդ գումարը, կպարզվի, որ ձեր քարտին կամ հաշվին որևէ գումար չի մուտքագրվել, քանի որ և՛ բանկային կտրոնը, և՛ բանկից ստացված SMS հաղորդագրությունը կեղծ էին։
👮🏼 Պաշտպանության միջոց․ Մինչև գումարը ստանալու փաստը հաստատելը, միշտ ստուգեք ձեր բանկային քարտի կամ բանկային հաշվի փաստացի մնացորդը։
2. Չարջբեք (Chargeback)
⛔️ Այս սխեման նման է նախորդին, սակայն այս դեպքում գումարն իսկապես մուտքագրվում է ձեր բանկային հաշվին կամ քարտին։ Սակայն հենց որ դուք «ազատում եք» ձեր կրիպտոարժույթը, բանկից զանգ եք ստանում, որտեղ հայտնում են, որ ուղարկողը պահանջում է վերադարձնել փոխանցված գումարը՝ պնդելով, թե իր բանկային քարտից գումարը գողացվել է։ Իհարկե, գումարն անմիջապես չեն վերադարձնի ուղարկողին, սակայն ամբողջ գումարը, իսկ երբեմն նաև այդ բանկում գտնվող ձեր բոլոր հաշիվները, անմիջապես կսառեցվեն մինչև հանգամանքների պարզաբանումը։ Քննությունը կարող է տևել ամիսներ, իսկ երբեմն նույնիսկ տարիներ։
Կցանկանայինք նաև զգուշացնել, որ հայկական բանկերը շատ զգուշավոր են կրիպտոարժույթների հետ կապված գործարքների նկատմամբ, և եթե տեղեկանան, որ բանկային գործարքը կապված է կրիպտոարժույթների հետ, կարող են միակողմանիորեն վերադարձնել գումարը ուղարկողին։ Եթե գումարը փոխանցվել է հայկական բանկային քարտից, ապա ձեր իրավացիությունն ապացուցելն ավելի հեշտ կլինի։ Իսկ եթե գումարը փոխանցվել է արտասահմանյան բանկային քարտից, մեծ հավանականությամբ այն կվերադարձվի ուղարկողին՝ առանց ձեր տեղեկության։
👮🏼 Պաշտպանության միջոց․ Համաձայնվեք գործարք կատարել միայն լավ համբավ ունեցող օգտատերերի հետ։
3. Զույգ գործարքներ
Այս սխեմայում դուք նույնպես կրիպտոարժույթի սեփականատեր եք, տեղադրում եք վաճառքի հայտարարություն և ցանկանում եք գումարը ստանալ ձեր հայկական բանկային քարտին կամ հաշվին։ Ձեր հայտարարությանը միաժամանակ արձագանքում են մի քանի օգտատերեր։
3.1. Երկու գործարք նույն գումարով
⛔️ Օրինակ՝ ցանկանում եք կանխիկացնել 150 000 դրամ, և ստանում եք երկու հայտ նույն գումարով (հաճախ դրանք նույն անձի տարբեր հաշիվներն են)։ Որոշ ժամանակ անց ձեր բանկային հաշվին մուտքագրվում է 150 000 դրամ, սակայն միաժամանակ երկու գնորդներն էլ նշում են, որ կատարել են վճարումը։ Ո՞րն է իրականում փոխանցել գումարը։
Եթե կրիպտոարժույթն ուղարկեք սխալ հաշվին, ապա այն կհասնի ոչ այն օգտատիրոջը, ով իրականում կատարել է վճարումը։ Երկրորդ հաշվի օգտատերը կբացի վեճ և կհաղթի այն, քանի որ բորսայի տեսանկյունից ամեն ինչ այնպես է երևում, կարծես նա գումարը փոխանցել է ձեզ, իսկ դուք նրան չեք փոխանցել կրիպտոարժույթը։ Արդյունքում բորսան կրկին կգանձի ձեր կրիպտոարժույթը և կփոխանցի այն երկրորդ հաշվին։
3.2. Երկու գործարք տարբեր գումարներով
⛔️ Դուք ցանկանում եք կանխիկացնել 150 000 դրամ և ստանում եք երկու հայտ․ մեկը՝ 50 000 դրամի, մյուսը՝ 100 000 դրամի։
Դուք տեսնում եք, որ ձեր բանկային հաշվին մուտքագրվել է 50 000 դրամ, և նույն այդ հաշիվը նշել է, որ կատարել է վճարումը։ Դուք «ազատում եք» ձեր կրիպտոարժույթը։
Այնուհետև ձեր հաշվին մուտքագրվում է ևս 50 000 դրամ, իսկ արդեն 100 000 դրամի ордер ունեցող հաշիվը նշում է, որ կատարել է վճարումը։ Պարզվում է, որ երկրորդ հաշիվը գումարը փոխանցել է երկու մասով՝ 50 000 + 50 000 դրամ, և այժմ սպասում է իր կրիպտոարժույթին։ Սակայն դուք արդեն փոխանցել եք կրիպտոարժույթի մի մասը առաջին հայտով։ Երբ երկրորդ հաշիվը բացի վեճ, այն կհաղթի, և բորսան հարկադրաբար կգանձի ձեր կրիպտոարժույթը։
👮🏼 Պաշտպանության միջոց․ Եթե միաժամանակ ստանում եք երկու գործարք, պարտադիր անձնական նամակագրությամբ ճշտեք գնորդից, թե որ բանկային տվյալներից է նա կատարել փոխանցումը, որպեսզի համոզվեք, որ վճարումն իսկապես կատարել է հենց նա։
4. Եռանկյունի
⛔️ Այս խարդախության սխեմային մենք հանդիպել ենք մեկ այլ աղբյուրում և որոշեցինք նույնպես պատմել դրա մասին։ Սա ամենաբարդ սխեման է, քանի որ դրանում ներգրավված են 3 մասնակից՝ դուք, զոհը և խարդախը։ Սկսենք։
🔸 Ինչպես է աշխատում սխեման.
Դուք կրիպտոարժույթի սեփականատեր եք, տեղադրում եք վաճառքի հայտարարություն և ցանկանում եք ստանալ 500 000 դրամ ձեր հայկական բանկային քարտին կամ հաշվին։ Միաժամանակ ստանում եք երկու հայտ․ մեկը՝ 250 000 դրամի (զոհ), մյուսը՝ 245 000 դրամի(խարդախ)։
245 000 դրամի գործարքի չատում օգտատերը նախապես զգուշացնում է, որ վճարումը կատարվելու է, օրինակ, Գոռ Հովհաննիսյանի բանկային քարտից։ Ընդամենը մի քանի րոպե անց ձեր հաշվին մուտքագրվում է 245 000 դրամ, իսկ գործարքի չատում ուղարկվում է վճարման կտրոնը՝ որպես վճարման հաստատում։ Դուք հաստատում եք, որ ստացել եք գումարը, և Binance-ը հանում է ձեր կրիպտոարժույթի արգելափակումը, որից հետո այն փոխանցվում է տվյալ օգտատիրոջը։
Այս գործարքից անմիջապես հետո 250 000 դրամի գործարքով երկրորդ օգտատերը (զոհը) նշում է, որ կատարել է վճարումը, և չատում գրում է, որ վճարման կտրոնն ուղարկել է Telegram-ով և սպասում է ձեր հաստատմանը։ Սակայն ձեր հաշվին 250 000 դրամ չի մուտքագրվել։

🔹 Նախապատմություն․
Զոհը, Binance P2P-ում կրիպտոարժույթ գնելով, նույն վաճառողից (խարդախից) մի քանի հաջող USDT գործարք է կատարում։ Մի քանի գործարքից հետո նա ասում է, որ պատրաստ է մշտական գործարքների համար լրացուցիչ մի քանի տոկոս վճարել։ Խարդախը վստահության հարաբերություններ է ստեղծում զոհի հետ, և նրանք փոխանակվում են Telegram-ի կոնտակտներով։ Սակայն բոլոր գործարքները շարունակվում են իրականացվել բացառապես Binance-ում։
Սովորաբար վաճառողը (խարդախը) բացում էր 250 000 դրամի USDT վաճառքի գործարք, զոհը խարդախի վճարային տվյալներին փոխանցում էր 250 000 դրամ, և USDT-ն փոխանցվում էր զոհին։ Գործարքի ավարտից անմիջապես հետո խարդախը որպես հավելավճար զոհին վերադարձնում էր 5 000 դրամ։
🔻 Խարդախության սխեման․
Խարդախը ձեզ հետ բացում է 245 000 դրամի գործարք և միաժամանակ համոզում է զոհին բացել իրենց սովորական 250 000 դրամի գործարքը, բայց արդեն մեկ այլ հաշվից (ձեր հաշվի հետ) և վճարել ոչ թե 250 000 դրամ, այլ 245 000 դրամ (250 000 – 5 000 դրամ հավելավճար)՝ գործարքում նշված վճարային տվյալներով (այսինքն՝ ձեր վճարային տվյալներին), որպեսզի հետո այլևս հավելավճար առանձին ուղարկելու անհրաժեշտություն չլինի։
Telegram-ով խարդախը զոհից խնդրում է վճարման կտրոնը, որն այնուհետև կցում է ձեզ հետ Binance-ի գործարքի չատում, որպեսզի դուք հաստատեք վճարումը։ Ահա և ամբողջ սխեման։
Արդյունքում ստացվում է, որ խարդախը ձեզանից գնել է USDT, սակայն այդ գնումը վճարել է զոհը։
👮🏼 Պաշտպանության միջոց․ Համաձայնվեք գործարք կատարել միայն այն օգտատերերի հետ, որոնք ունեն լավ համբավ և հաջողությամբ ավարտված մեծ թվով գործարքներ։